Կենսագրություն

 

 

Վարդուհին ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: 1992-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: Այնտեղ, որպես փոխտնօրեն, աշխատում էր նրա մայրը՝ տիկին Աննան: Դեռ վաղ տարիքից շատ է սիրել երգել: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև: Նրա ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգեր: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: 1986-ին Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ: Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր երբևէ զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: 1993-ին Վարդուհին ընդունվում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «անգլերեն լեզու և քաղաքագիտություն» բաժին: Ուսումն ավարտելուց հետո` 1999-ից, նա 2 տարի անգլերեն է դասավանդում Պուշկինի անվան դպրոցում: 1994-ին ընդունվում է Երևանի «Երգի Պետական Թատրոն» և 1995-ից սկսում է աշխատել այնտեղ: Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել 8-ից ավելի միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր: 1994-ին Նա Ջազ-Փոփ համույթի հետ մասնակցում է Սվերդլովսկի «Ասուպ» երաժշտական մրցույթին և արժանաում է «Գրան-Պրի»-ի: 1996-ին մասնակցում է «Յալթա Մասկվա տրանզիտ» երիտասարդ կատարողների մրցույթին և արժանանում է հատուկ մրցանակի: 1999-ին, «Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության» շրջանակներում Վարդուհին արժանանում է «Հայաստանի լավագույն երգչուհի» կոչմանը: 1999-ին մասնակցում է Բելոռուսի «Զալատոյ Շլյագեր» մրցույթին, ուր ստանում է երկեորդ տեղը: 2000-ին Մակեդոնիայի և Բուլղարիայի «Սլավյանսկիյ Բազառ» և «Դիսքավրի» մրցույթներում արժանանում է երկրորդ տեղերին: Նույն թվականին Մակեդոնիայում կազմակերպվում է մրցույթ բոլոր «Գրան-Պրի» մրցանակակիրների միջև ուր Վարդուհին արժանանում է առաջին մրցանակին, իսկ «Մորիե Դռուզեյ» մրցույթում նա երկրորդն էր: 1997-ին Վարդուհին ամուսնանում է: Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ; Արամը իրենց դիմացի բակից էր. ու միշտ դասերից հետո միասին «կլասս» էին խաղում ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում է ուժերը փորձել երգարվեստում ու մայրիկի հետ զուգերգ է ձայնագրում: Վարդուհու ու Արամի ամուսնությունից մեկ տարի անց ամուսնանում են Վարդուհու ավագ քույրն ու Արամի եղբայրը՝ Քրիստինեն ու Հովհաննեսը: Վարդուհին՝ լինելով միջազգային բազմակի դափնեկիր, առանց քննությունների ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի «Ջազ-Էստրադա» բաժնի երկրորդ կուրս, որն ավարտում է 2003 թվականին: 

 

2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ ՛Խառնաշփոթը՛ ուր ներգրավվում են նրա ճանաչված հիթերից 13-ը: Դրանցից մի մասի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ: 2004-ին Վարդուհին ավարտում է գործունեությունը Երգի Պետական Թատրոնում և սկսում է դասավանդել թատրոնին կից ստուդիայում: 

2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Սակայն նրանք ստիպված են լինում ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ Մարտունի, որից հետո` Նոր Հաճն, ուր պիտի հանդիպեր Վլադիմիր Պրիսնյակովի պատվիրակության հետ` նրա հետ զուգերգ ձայնագրելու ակնկալիքով: Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու Սևան - Մարտունի - Գետափ մայրուղու 17-րդ կիլոմետրի վրա մեքենան կորցնում է կառավարումն ու շրջվում: 

Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում: 

2006-ին "Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության" ժամանակ Վարդուհուն հետմահու շնորհվում է "Հայաստանի լավագույն երգչուհու" կուչում: 

Նույն թվականին "Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխության" կոմիտեի որոշմամբ սահմանվում է Վարդուհու անվան ամենամյա հատուկ մրցանակ: 

2006-ին հիմնադրվում է "Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը", որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով սկում է զբաղվել Վարդուհու քույրը` Քրիստինեն: Հիմնադրամի և երգչուհի Սյուղան Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպվում է համերգ-երեկո Վարդուհու հիշատակին նվիրված, որը անվանվում է ՛դեպի եկինք՛:

2007-ին` դեպքի առաջին տարելիցի առիթով, հիմնադրամը թողարկում է Վարդուհու հետմահու առաջին ձայնասկավառակը` "Միայն դու" Անվանմամբ, ուր տեղ են գտնում նրա անգլերեն և ռուսերեն կատարումներից տասը: Նույն թվականին կազմակերպվում է հուշ երեկո` "մեկ տարի քեզ հետ և առանց քեզ" խորագրով, որի ժամանակ տեղի է ունենում բոնուս երգի պրեմիերա, որն անվանվում է "Ես անչափ սիրում եմ ձեզ"` Վարդուհու վերջին խոսքերով:

2008-ին տեղի է ունենում ևս մեկ սկավառակի շնորհանդես:Սակավառակը կոչվում է "13 SONGS" Քանի որ Վարդուհին այն իր երջանիկ թիվն էր համարում: Այս սկավառակում տեղ են գտնում բացառապես հեղինակային կատարումներ` Վարդուհուն նվիրված: 

Այս ընթացքում կազմակերպվում է ևս մեկ երեկո` նվիրված Վարդուհուն` "Քո երգերը քո ընկերների շուրթերից" խորագրով: 

2011 թվականին լրացավ սրիելի երգչուհու 35 ամյակն ու դժբախտ պատահարի 5-րդ տարելիցը: Այս առիթով հիմնադրամը թողարկեց Վարդուհու ևս մեկ ձայնասկավառակ, որն անվանվեց ,ԻՄՆ ԵՍ,՝ սկավառակում տեղ գտած համանուն ստեղծագործության վերնագրով: Այնտեղ տեղ գտան երգչուհու երբևէ չթողարկված երգերից 15-ը: 

Սակայն, սա դեռևս ամենը չէր: Սկավառակի թողարկումից մի քանի ամիս անց կայանում է մեծ հուշ-երեկո՝ Վարդուհուն նվրիված: Համերգն անվանվում է ,Իմն ես,: Համեգին իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին: Նա կատարում է մայրիկին նվիրված ,Արև, երգը, որի հեղինակը Սիրուշոն է: Այս երեկոյի ընթացքում Վարդուհու բազմահազար եկրպագուներին ևս մեկ անակնկալ էր սպասվում: Տեղի ունեցավ Վարդուհու հիշատակին նվիրված ևս մեկ երգի պրեմիերա, որի տեսահոլովակի նկարահանման և ձայնագրման աշխատանքներում իր ակտիվ մասնակցությունն է ունենում նաև Վարդուհու որդին՝ Ռուբենը:

© 2012 - 2017 Varduhi Vardanyan Memorial Fund